Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը՝ կառավարությունում խորհրդակցության ժամանակ մարզպետներին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա մարզպետներին հանձնարարել է համայնքների հետ համատեղ կազմակերպել համայնքների զարգացման ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոշորացված համայնքներին և հիմք ստեղծել, որ այդ ծրագրերը լինեն կիրառական: Կարեն Կարապետյանը շեշտել է՝ բոլոր մարզպետները պետք է ներկայացնեն այն ծրագրերը, որոնք լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծում:
«Մարզպետները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն կրթական և մասնագիտական բարձրացման ծրագրերին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների վերապատրաստման նպատակով: Գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարությունների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսումնասիրել, թե կրթական ծրագրերը որքանով են կիրառական հմտություններ ու գիտելիքներ տալիս և մշակել մարզերում համապատասխան ծրագրեր՝ մասնագիտական բարձրացման նպատակով»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարել է գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր՝ «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի գաղափարախոսությունը սկզբունքորեն փոխելու վերաբերյալ: «Ներկայացնել առաջարկություններ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է գնահատվելու մարզպետարանների աշխատանքը՝ նույնպես ներգրավելով ներդրումները, աշխատատեղերը, մարզից արտահանումը, բիզնես միջավայրը, կրթական ծրագրերը, զբաղվածության, սպորտի ոլորտը և այլն»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է նաև իր աշխատակազմին՝ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար:
Կառավարության ղեկավարը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը և ամենօրյա աշխատանքը. «Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու առումով»:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում լսումներ են կազմակերպվելու նախարարությունների և գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացրած ծրագրերի վերաբերյալ: «Յուրաքանչյուրս իր տեղում պետք է հասկանա՝ ինչ ակնկալիք ունի մոտ
ժամանակներում, ինչ հորիզոն ունի միջնաժամկետում և ինչ երկարաժամկետ երազանք հետագայի համար, ում միջոցով է դա անելու և ինչպես»:Կարեն Կարապետյանը շեշտել է, որ կառավարության կարճաժամկետ ծրագրի ռեալ կատարման համար պահանջվում է անմնացորդ ու արդյունավետ աշխատանք և հորդորել է հրաժարվել ձևականություններից, աշխատել ըստ էության և բովանդակալից: